National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
15.05.2024

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03 04 05
06 07 08 09 10 11 12
13 14 15 16 17 18 19
20 21 22 23 24 25 26
27 28 29 30 31
 
16.02.2013
Թուրք լրագրողներն այցելեցին Հայաստանի խորհրդարան
1 / 1

ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանը փետրվարի 16-ին հանդիպում ունեցավ Թուրքիայի շուրջ տասը լրատվամիջոցների թղթակիցների հետ: Ողջունելով թուրք լրագրողների այցը Հայաստանի խորհրդարան՝ Հերմինե Նաղդալյանը մեծապես կարեւորեց նմանատիպ նախաձեռնությունների նշանակությունը հայ եւ թուրք ժողովուրդների միջեւ շփումներ ապահովելու տեսանկյունից՝ վստահություն հայտնելով, որ ցանկացած՝ անգամ ամենաբարդ խնդիրների մասին կարելի է եւ պետք է խոսել:

Պատվիրակության կազմում Հայաստան ժամանած «Հրանտ Դինք» հիմնադրամի ներկայացուցիչ Բուրսու Բեսերմենը, շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար, նշեց, որ հիմնադրամի կողմից կազմակերպվող ամենամյա լրագրողական փոխայցելություններն իսկապես մեծ հնարավորություն են հայ-թուրքական հարաբերություններում առաջընթաց ունենալու տեսանկյունից:

Ծավալված հարցուպատասխանի ժամանակ թուրք լրագրողներից մեկն իր զարմանքն արտահայտեց այն կապակցությամբ, որ Հայաստանում նախագահական ընտրություններին ընդամենը երկու օր է մնացել, իսկ փողոցներում այդքան հանգիստ է, խաղաղ. ոչ մի անկարգություն չի նկատել: ԱԺ փոխնախագահն ի պատասխան նշեց, որ դա այն մեծ աշխատանքի վկայությունն է, որ Հայաստանում կատարվել է ժողովրդավարության ճանապարհին: «Նախկինում մենք էլ, լինելով եվրոպական տարբեր երկրներում, զարմանում էինք, թե ինչքան խաղաղ է անցնում այդ կարեւորագույն իրադարձությունը: Այսօր այդպես է նաեւ Հայաստանում»,- մեկնաբանեց Հերմինե Նաղդալյանը՝ ավելացնելով, որ հետեւողական աշխատանքը վստահաբար հաջողություն է ունենում:

Անդրադառնալով հայ-թուրքական արձանագրությունների հարցին՝ ԱԺ փոխնախագահը նկատեց, որ Թուրքիայից քալերի ոչ միայն Հայաստանն ու միջազգային հանրությունն են սպասում, այլեւ, իր խորին համոզմամբ, նաեւ հենց թուրք ժողովուրդը: Նա նաեւ տեղեկացրեց թուրք լրագրողներին, որ հայ-թուրքական արձանագրությունները շարունակում են մնալ Հայաստանի Ազգային ժողովի օրակարգում, չնայած որ բազմաթիվ անգամներ դրանք հանելու առաջարկ է հնչել: Հերմինե Նաղդալյանը շեշտեց՝ Թուրքիան Եվրոպայի միակ երկիրն է, որ փակ սահմաններ է պահում մեկ այլ երկրի հետ, եւ միաժամանակ հույս հայտնեց, որ թուրք հասարակության նոր սերունդը խնդրին ի վերջո այլ կերպ կնայի:

«Թըդեյս Զաման»-ի թղթակից Մուստաֆա Էդիբ Յիլմազը նշեց, որ ինքն անձամբ մեծ վիշտ է ապրում 1915 թ. դեպքերի կապակցությամբ՝ ավելացնելով, որ թուրք հասարակության մեջ իսկապես այսօր զարթոնք կա. նոր սերունդը սկսել է հարցեր տալ: Նա նաեւ հետաքրքրվեց, թե արդյոք Հայաստանում իշխանության քայլերը միանշանակ են ընդունվում հասարակության կողմից: Ի պատասխան, Հերմինե Նաղդալյանը նշեց, որ, իհարկե, կան այլ կարծիքներ եւս, բայց ՀՀ ղեկավարությունը կարողացել է անցնել վստահության այն ճանապարհը, որ իր որոշումներն ու քայլերն ընկալելի եւ ընդունելի լինեն սեփական ժողովրդի համար: ԱԺ փոխնախագահը նաեւ համոզմունք հայտնեց, որ երջանիկ է այն առաջնորդը, որ գործում է իր հասարակության անունից, անում է քայլեր, որոնք թելադրում են իր ժողովրդի միտքը:

Թուրք լրագրողները հետաքրքրվեցին նաեւ հայ-թուրքական հարաբերությունների շրջանակից դուրս հարցերով, օրինակ՝ թե ինչպիսին են պայմանները կանանց համար հայ քաղաքական դաշտում: Հերմինե Նաղդալյանը նշեց, որ իր օրինակը երեւի թե այդ հարցի լավագույն պատասխանն է. հայ կինը մեծ ներուժ եւ հնարավորություններ ունի կայանալու թե քաղաքական կարիերայում, թե ընտանիքում:

ԱԺ փոխնախագահը պատասխանեց լրագրողներին հետաքրքրող այլ հարցերի եւս:




ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am